Քանի որ ԱՄՆ-ի և Իրանի լիդերները ուշադրությունը սևեռել են միջուկային բանակցությունների վրա, արժեքավոր է առավել լայն հայացք գցել Իրանի քաղաքականության, տնտեսության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա: Ահա 5 կետեր, որոնք բացատրում են Իրանի նպատակները կիբեռտարածությունում, Արևմտյան տերությունների նկատմամբ դրա հայացքները:
1. Պատժամիջոցներ և դրանց անկայունությունը
Պատժամիջոցները ծանր հարված են հասցրել Իրանի տնտեսությանը: Համաձայն Congressional Research Service-ի, Իրանի տնտեսությունը 15-20 տոկոս ավելի քիչ է զարգացել, քան այն կարող էր առանց պատժամիջոցների, որոնք սահմանվել են 2010-ից: Դրանք Իրանին թույլ չեն տալիս օգտվել երկրի 100 միլիարդ պահուստների չորս հինգերորդից, որոնք պահվում են միջազգային հաշիվներում: Իրանի նավթահանումը անկում է ապրել: Չորս տարի առաջ Իրանը վաճառում էր օրական 2,5 միլիոն բարել նավթ և խտուցքներ: Անցած տարի միայն 1 միլիոն բարելից մի քիչ ավելի է արդյունահանել: Նույնիսկ այժմ, երբ արտահանումը նվազել է և գներն էլ ընկել են, նավթը շարունակում է մնալ կառավարության եկամուտների 42 տոկոսը: Իրանի վերջին բյուջեն կկրճատի ծախսերի 11 տոկոսը ինֆլյացիայի հաշվարկից հետո:
2. Կիբեռ-ծախսեր
Թեհրանը պատրաստ է մեծ ծախսեր անել առնվազն մեկ ոլորտում: 2015-16 թթ. բյուջեում կիբեռանվտանգության ֆինանսավորումը 1200 տոկոս ավելին էր, քան 2013-14 թթ. 3,4 միլիոնը: Մինչև 2010 թվականը կիբեռտարածությունում Իրանի գլխավոր կիզակետը ներքին այլախոհների կառավարումն էր: Սակայն Stuxnet virus-ի (որը ԱՄՆ-ի կիբեռհարձակումն էր Իրանի միջուկային ծրագրի վրա, որի մասին հայտնի դարձավ 2010 թվականին), մասին նորությունից հետո Իրանի առաջնորդները փոփոխություններ մտցրեցին: Համաձայն գնահատականների, Իրանը միայն 2012 -ին ավելի քան 1 միլիարդ է ծախսել իր կիբեռ-հնարավորությունների վրա: Այդ տարի էլ հենց անցկացրել է Shamoon հարձակումը՝ ջնջելով մոտավորապես 30 հազար մեքենայի տվյալներ սաուդական նավթային կազմակերպություն Aramco-ից: 2013-ին Իրանի Հեղափոխական գվարդիան հրապարակայնորեն հայտարարեց, որ Իրանը «աշխարհի կիբեռբանակների շարքում չորրորդն է իր մեծությամբ»:
3. Նոր սերունդ և հին ղեկավարություն
Իրանում միջին տարիքը 28-ն է, երիտասարդների գործազրկությունը երկրում տատանվում է 25 տոկոսի միջակայքում: Իրանցիներից 10-ից 7-ը 35 տարեկանից ցածր է, այսինքն՝ չափազանց երիտասարդ 1979-ի Իսլամական հեղափոխությունը հիշելու համար: Սակայն երկիրը ղեկավարում են ծեր մարդիկ, նրանցից շատերը կարևոր դեր են ունեցել հեղափոխության ժամանակ: Հոգևոր առաջնորդ այալթոլլահ Ալի Խամենեյին 75 տարեկան է. զգուշացումներ եղան նրա առողջության և ի վերջո նաև ժառանգորդի հետ կապված հարցերւմ: Իրանի Փորձագետների խորհուրդը, որ խորհրդավոր ու ոչ թափանցիկ ինստիտուտ է, պատասխանատու է Հոգևոր առաջնորդի ընտրության համար: Խորհրդի նախագահը հոկտեմբերին դարձավ Այաթոլլահ Մոհամմադ Յազդին, նա 83 տարեկան է:
4. Զգացմունքները փոխադարձ են
Իրանցիների 70 տոկոսից ավելին ԱՄՆ-ին բացասաբար է վերաբերվում, նրանց 58 տոկոսը՝ «շատ բացասական»: Հարցմանը մասնակցած ամերիկացիների ավելի քան երեք չորրորդը բացասական է վերաբերվում Իրանին: Սակայն դա առավել համեստ դիրքորոշում է, քան որոշ եվրոպական պետությունների բնակչության վերաբերմունքը: Ֆրանսիացիների 80 տոկոսը, գերմանացիների 85 տոկոսը բացասական են վերաբերվում Իրանին: Համաձայն վերջին հարցումների, Իրանը այլևս չի համարվում «ԱՄՆ-ի գլխավոր թշնամին այսօր»: 2012-ին հարցմանը մասնակցածների 32 տոկոսն ընտրել էր Իրանը առաջին տեղում, 2015-ին միայն 9 տոկոսն է ընտրել Իրանը՝ դասակարգելով չորրորդ տեղում՝ Չինաստանից, Հյուսիսային Կորեայից և Ռուսաստանից հետո:
5. Աջակցություն գործարքի՞ն
Ամերիկացիների բացասական հայացքները Իրանի հանդեպ չոչնչացրին նրանց ցանկությունը Իրանի հետ գործարքի փորձ անելու հարցում.
ամերիկացիների 68 տոկոսը կողմ է Իրանի հետ դիվանագիտությանը: Դեմոկրատների 77 տոկոսը և հանրապետականների 65 տոկոսը կողմ են բանակցություններին: Իրանցիները խառը սպասումներ ունեն. միայն 48 տոկոսն է կարծում, որ նախագահ Ռուհանին հաջողության կհասնի համաձայնության հարցում: Սակայն եթե տեսնենք վերջնական գործարքը, իրանական նավթից շատ ավելի շատ բան կբացվի: Արևմտյան ընկերությունները կցանկանան ներխուժել այդ երկիր, որը ավելի խիտ է բնակեցված, քան Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Կատարը, Օմանը, Իսրայելը, Բահրեյնը, Լիբանանն ու Հորդանանը միասին վերցրած: